Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության եւ դատախազության առջեւ ծառացած խնդիրները նույնական են, ավելին՝ պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարեւորագույն մարտահրավերների: Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է»:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է:
Տիգրան Սարգսյանը դիմելով դատախազներին նշել է, որ քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը՝ համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձեւով է իրականացնում իր գործառույթները:



























