ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը մասնակից չէր «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետեւանքով մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:  Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ նշելով, որ իր կուսակիցը տանը պառկած էր, իսկ իր հիմնարկում ինչ-որ բան է եղել:

Նա հարց ուղղեց, թե եթե ռեստորանի տերը չլիներ պատգամավոր եւ նման ազգանունով, արձագանքը նո՞ւյնը կլիներ: «Չեմ ուզում արդարացնել, որովհետեւ իր մեղքի բաժինը Ռուբեն Հայրապետյանը չունի, ամեն օբյեկտում էլ կարող է նման բան լինել: Պարզ հստակ բան է, անվտանգություն ապահովող անձինք դարձել են վտանգավոր հասարակության համար: Անվտանգությունից օգտվելիս պետք է խաղի կանոնները հստակեցնել եւ պահանջներ դնել, չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը պահանջներ չի դրել նրանց առաջ, դուք կարծում եք, որ Ռուբեն Հայրապետյանը պահանջում է մարդկանց ծեծե՞լ, սպանե՞լ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, հարցնելով, թե ո՞վ է լսել խոսակցություն, որ Ռուբեն Հայրապետյանը իր աշխատակցին ասել է գնա մարդ ծեծի:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հպարտորեն խոստովանել էր, որ մարդկանց պատժում է անձամբ նրանց ծեծի ենթարկելով:

Մանվել Բադեյանը հասարակության արձագանքը այդ միջադեպին շատ համարժեք եւ առողջ համարեց, բայց որ համեմված չլինի տարբեր սպեկուլացիաներով: Նա տեղեկացրեց, որ կուսակցությունում այդ թեմայով քննարկում դեռ չի եղել, բայց դեռ կլինի:

Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» մոտ մոմավառությանը եւ ներսում՝ հարսանիքին, ապա նա նշեց, որ «հարսանիքները չի անում Ռուբեն Հայրապետյանը, հարսանյաց սրահները պատվիրում են յոթ-ութ ամիս առաջ, այդ ժամանակ պատվիրած հարսուփեսան ի՞նչ մեղք ունեն»: Պատգամավորը վստահ է, որ վայրը կապ չունի եւ եթե դա լիներ օդանավակայանում, ապա պետք է օդանավակայանը փակեր եւ այլն:

Ասուլիսի մյուս բանախոսը, քաղաքական գործիչ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց, որ չի ուզում խոսել բոյկոտի մասին, բայց իր համար ընդունելի չի լինի գտնվել այն վայրում, որտեղ գազանաբար մարդ է սպանվել: Նա նշեց նաեւ, որ որակյալ հասարակություն ունենալու խնդրի առաջ ենք կանգնած: «Մենք ընդհանուր խնդիր ունենք, իշխանությունը եւս իր մեղքի բաժինը ունի, ինչպես Ռուբեն Հայրապետյանը»,-ասաց նա:

Արման Մելիքյանը ցավակցեց սպանվածի ընտանիքին եւ հարազատներին՝ նշելով, որ սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել, իսկ առավելագույնը այն է, որ  փոխվի իշխանությունը:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու թիկնազորի անդամներ:» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի