Այս գումարման ԱԺ-ն որակապես շատ ավելի բարձր է, քան նախկին երկուսը, քննարկումները ծավալվում են ըստ էության, հետաքրքիր, պրոֆեսիոնալների միջեւ են բանավեճեր ընթանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ այդ տպավորությունը ձեւավորվել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած կարծիքներից: «Ընդհանուր առմամբ, թե քննադատությունը, թե պաշտպանությունն արվում է պրոֆեսիոնալների կողմից»,- ասաց նա, հավելելով, որ Կառավարության ծրագիրը չի հետապնդում հնգամյա պլանի խնդիրներ, այլ նախանշում է, թե ինչպես պետք է զարգանա երկիրը:
Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքական գործիչ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մեիքյանը նշեց, որ ԱԺ-ի որակական կազմը պայմանավորված է ընտրությունների անցկացման որակով: «Մենք կարող ենք ասել, որ ունենք իրոք ընտրված խորհրդարան: Մենք ունենք համաձայնություն ԱԺ-ում, բայց հասարակությունը դեռեւս ԱԺ չունի: Մենք ունենք ԱԺ, որտեղ իշխանությունն ունի անհրաժեշտ մեծամասնություն, դա չեմ գնահատում ոչ լավ, ոչ վատ, այլ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- ասաց նա:
Արման Մելիքյանի համոզմամբ՝ այն ընդդիմությունը, որը փողոցում արդարություն էր պահանջում, մեծ հաշվով համակերպվեց, մտավ խորհրդարան եւ համաձայնեց չնչին տեղերին:
Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը, Մանվել Բադեյանը նշեց, որ ԲՀԿ-ն շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ունի, քան ՀԱԿ-ը: «ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի ընդունելու ընդդիմադիր կեցվածք: ՀԱԿ առաջնորդի շուրթերից դա հնչում էր իբրեւ բաղձալի, այդ կոչերը ոչինչ չասող կոչեր են, կկորեն, կխառնվեն մնացած աղմուկի հետ»,- ասաց նա:
Իսկ Արման Մելիքյանի կարծիքով, ՀԱԿ -ԲՀԿ համագործակցության մասին խոսակցությունները պատրանքային են, «այստեղ ընդդիմության տապալման նշաններն են երեւում, ըստ էության, իշխանությունը բաժանվեց երկու ճամբարի, որից մեկը իշխանություն չէ, բայց ընդդիմություն էլ չէ, բայց իր վրա վերցրեց ընդդիմության դերն ԱԺ-ում»: «Ընդդիմության գործը ջախջախված է, շատ բան պետք է սկզբից սկսեն, գուցե նոր մարդիկ, քանի որ այն մարդիկ, ովքեր զբաղվել են դրանով, իրենց խոստումի տերը չեղան»,- ասաց Արման Մելիքյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ ՀԱԿ-ն ուզում է իր կշիռն ավելացնել, դեմքը պահել ԲՀԿ-ի միջոցով, բայց «այս պատրանքները իրականության չեն դառնա, ընդդիմության գործը ջախջախված է, քանի որ այն ընդդիմությունը, որը փողոցում էր եւ ակնկալում էր իշխանափոխություն, չկա այլեւս»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























