Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են, որ կառավարության դեմ պայքարող սիրիական ընդդիմության զինվորականներն օգտագործում են  շվեյցարական արտադրության ձեռքի նռնակներ: 

SonntagsZeitung-ը հայտնում է, որ խոսքը «Offensive OHG92» եւ «SM 6-03-1» նռնակների մասին է, որն արտադրում է Ruag-ը:

Թերթը նշում է, որ  «OHG 92»-ը կիրառելու դեպքում մեծ ավերածություններ է պատճառում 10 մ շառավղով: Շվեյցարական նռնակները Սիրիայի հյուսիսում լուսանկարել է անանուն լրագրողը, որը հակամարտությունը լուսաբանում է ընդդիմության կողմից: 

Լրագրողին հայտնել են, որ նման նռնակներ արդեն օգտագործվում են  մարտերում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ruag ընկերությունը հաստատել է, որ  «լուսանկարի նռնակները Ruag-ի արտադրանքի նման են»: Ընկերությունն անձամբ Սիրիա նռնակներ չի մատակարարել, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: Փորձագետները կարծում են, որ նռնակները Սիրիա կարող էին ապօրինի ճանապարհով ներթափանցել Թուրքիայի միջով: 

SonntagsZeitung-ը նշում է, որ վիճահարույց շրջաններ զենքի մատակարարումը զինամթերքի մասին շվեյցարական օրենքի խախտում է: Շվեյցարիայի խորհրդարանը մտադիր է ուսումնասիրել Ruag նռնակների Սիրիա մատակարարման հնարավորությունը: