Երեւանում ավարտական փուլում է վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման եւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ եւ 400 մարզական գույք: Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 2-ին, քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քամիների ժամանակ ծառերի  հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով`  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:

Ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաեւ հասարակական կառույցներին:

Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ:

«Երքաղլույս» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների եւ պուրակների  տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման եւ եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:

«Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները եւ քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում:

Շարունակվում է նաեւ խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների եւ չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ:

Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետեւողական լինել եւ մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը: