Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է առավելագույն սկզբունքայնություն դրսեւորել ռազմական բժիշկներին «Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկելու եւ նրանցից մեկի` Վահե Ավետյանի մահվան գործով:

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե կարող է գործը վերաորակվել, Գասպարյանն ասաց, թե իրեն հասկանալի է հանրության պահանջը: Նա ոչինչ չի բացառել, սակայն շեշտել է, որ քննություն է գնում:

Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Ռուբեն Հայրապետյանն էլ է պատասխանատվություն կրում տեղի ունեցածի համար, Գասպարյանը պատասխանել է, թե ղեկավարվում է օրենքով, այլ ոչ կարծիքով: «Քննությունը կպատասխանի բոլոր հարցերին եւ կլինի բացառապես թափանցիկ: Ոչ ոք չի կարող ուղղորդել քննությունը»,- ասել է նա` հավաստիացնելով, թե ոստիկանությունը մտադիր է այդ գործի քննության ընթացքում առավելագույն սկզբունքայնություն դրսեւորել:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու թիկնազորի անդամներ:» մակագրությամբ: