Վրաստանի վարչապետ Վանո Մերաբաշվիլիի նշանակումով նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրականում կառավարություն չի ձեւավորում, այլ նախընտրական շտաբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգայնականության եւ հակամարտությունների հետազոտության ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա` առանց այն էլ Մերաբիշվիլիի ձեռքերում էր կենտրոնացած երկրում ամբողջ իշխանությունը, այժմ նրա կարգավիճակը միայն հրապարակայնություն է ստացել:
«Վրաստանում այսօր բավականին լարված իրավիճակ է: Սահակաշվիլին լուրջ հակառակորդ է ձեռք բերել ի դեմս Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա «Վրացական երազանք» կոալիցիայի: Այդ պայմաններում Սահակաշվիլին վարչապետ է նշանակում ՆԳՆ-ի ղեկավարին, այսինքն շեշտը դնում է ուժայինների վրա», - նշել է քաղաքագետը:
Ըստ Զաքարեիշվիլիի` Վրաստանում իշխանությունն իրականում Սահակաշվիլիի ձեռքերում չէ կենտրոնացած, այլ մի քանի խոշոր օլիգարխների, այդ թվում անեւ Սահակաշվիլիի եւ Մերաբիշվիլիի, որը պետության ղեկավարից ավելի ազդեցիկ եւ հայտնի է: « Վանո Մերաբաշվիլին պահեստային անձ էր, որին խանգարել էր Իվանիշվիլին: Հենց Մերաբիշվիլիի համար է Սահակաշվիլին փոխել Սահմանադրությունը, հենց նրան էր պատրաստում որպես իրավահաջորդ, սակայն հայտնվում է «Վրացական երազանքը» եւ նրա առաջնորդը: Այդ պատճառով էլ Մերաբիշվիլիի հանդես գալը տեղի ունեցավ ոչ թե 2013 թվականին, այլ շուտ», - նշել է Զաքարեիշվիլին:
Փորձագետը քիչ հավանական է համարել այն վարկածը, որ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանը փորձում է դարձնել խորհրդարանական երկիր, որտեղ ինքը վարչապետ կդառնա: «Դա շատ պուտինյան կլինի եւ Սահակաշվիլիի արեւմտյան ընկերներին դուր չի գա: Հենց դրա համար էլ պետք է Մերաբիշվիլին», - եզրափակել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետ էր նշանակել ՆԳՆ-ի նախարար Վանո Մերաբիշվիլիին: 2009 թվականի փետրվարից սկսած երկրի կառավարությունը գլխավորում էր Նիկա Գիլաուրին: Նրան առաջարկվել է ղեկավարել կառավարական գործընկերային հիմնադրամը:




























