Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում գնացքի տակ ընկած 49-ամյա Նելլի Աբրամովայի հետ կատարվածն, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն չէ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի գծակայարանի միավորման պետի տեղակալ Սերյոժա Մկրտչյանը, հավելելով, որ կինն անցել է երկաթուղու գծերի վրայով, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:
«Այդ տարածքում կարծեմ շուկա կա, կինը շուկա է գնացել, բայց ինքը կարող էր գծերի վրայով չանցնել, քանի որ դրանց վրա հետիոտնային կամուրջ կա կառուցված»,-ասաց նա, հավելելով, որ երկաթուղային գոտիները համարվում են բարձր վտանգավորություն ունեցող տարածքներ, ու եթե այդ ամենին գումարենք գնացքների արագութունը, ապա բնակիչները պետք է հնարավորինս հեռու մնան նման վայրերից ու ցուցաբերեն առավել զգոնություն, քանի որ մեքենավարները չեն կարող ժամանակին ու բարձր արագությամբ ընթանալիս կանգնեցնել գնացքները:
Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 241 հոդվածի 2-րդ մասի (երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Նշենք, որ սա այս տարվա արդեն երկրորդ դեպքն է, նախորդ դեպքը գրանցվել է ամիսներ առաջ` Վանաձոր-Փամբակ հատվածում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` հուլիսի 2-ին, Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում գնացքի տակ է ընկել 49-ամյա Նելլի Աբրամովան եւ տեղում մահացել` բաժանվելով 2 մասի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի Մեծ Այրումի գյուղապետ Պապիկ Առուշանյանն ասաց, որ մահացածը հենց նույն գյուղի բնակիչ է:
Նելլի Աբրամովան ծնվել է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում եւ Մեծ Այրում է ներգաղթել 1988 թվականին: Նա ունի մեկ որդի:
Գյուղապետը նշեց, որ որդին մոտավորապես 22 տարեկան է: Նրա խոսքով, կինը չի աշխատել եւ գնացել է Ալավերդի` գնումների նպատակով:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ տեղի ունեցածն ինքնասպանություն լինի, Առուշանյանը պատասխանեց. «Չի կարող նման բան պատահած լինի»:


























