Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 4-ին կայանալիք իր քաղխորհրդի նիստում  քննարկելու է առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Շատ հարցեր կան, որոնց մեջ բնականաբար կլինի նաեւ այդ հարցը: Եթե սեպտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններ պետք է մտածենք, թե ինչ չափով ենք մասնակցելու եւ ընդհանրապես մասնակցելո՞ւ ենք, թե` ոչ»,- արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը:

Հարցին, թե էլ ինչ հարցեր են քննարկվելու, նա պատասխանեց. «Շատ հարցեր կան, բայց քաղխորհրդի օրակարգը ներկայացնում ենք, եթե նպատակահարմար ենք գտնում, այն էլ դա անում է Լեւոն Զուրաբյանը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱԿ խմբակցությունը, նախորդ` հունիսի 28-ին կայացած նիստում որոշել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներկայացնել էթիկայի հանձնաժողովի կազմում:

Մացի այդ, որոշվել էր, որ այն օրենքի նախագծերը, որոնք գալիս են խմբակցություն, ելնելով օրենքի բնույթից եւ, թե որ հանձնաժողովն է գլխադասային, հանձնարարել այդ նախագիծը մշակման իրենց այն անդամներին, որոնք այդ հանձնաժողովի անդամ են: