Հյաաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հուլիսի 2-ին, ընդունել է Ալբանիայի նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով առավել արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման համար, եւ որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու եւ ընդլայնելու գործում:

Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Ալբանիան կարեւորում է  Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը եւ հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության խթանման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: