Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան հարցազրույց է տվել NEWS.am–ին.

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Անցած տարի Հայաստանն ու Ուկրաինան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Կարելի է ասել, որ այս 20 տարվա ընթացքում կան որոշակի ձեռքբերումներ, հաջողություններ, ակնհայտ են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների զարգացման միտումները:

Երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվացել են: Անցած տարի տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ուկրաինա, կազմակերպվեցին Հայաստանի օրեր Ուկրաինայում, գործարար համաժողով, տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ,  ինչպես նաեւ տեղի ունեցավ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի եւ ԱԳ նախարարի այցը Հայաստան: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ 2011թ. բավականին ինտենսիվ տարի էր երկկողմ հարաբերություններում:

Հաճելի է այն փաստը, որ 2012 թ-ը նույնպես լավ մեկնարկով նշանավորվեց: Մարտին Ուկրաինայի մշակույթի օրեր անցկացվեցին Հայաստանում, ընդ որում` ոչ միայն Երեւանում, այլեւս մարզերում` Սպիտակում եւ Գյումրիում:

Ինչպե՞ս կբնութագրեք տնտեսական հարաբերությունների մակարդակը:

Անցած տարի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 269 մլն դոլար: Դա վկայում է այն մասին, որ նաեւ տնտեսական հարաբերություններն են  հեռանկարային բնույթ ձեռք բերում: Երկու երկրներն էլ հետաքրքրված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Ապրանքաշրջանառության ոլորտում աճի միտում է  արձանագրվել: Նորություն չէ, որ տնտեսական համագործակցությունը մեծ նշանակություն ունի: Անցած տարվա գործարար համաժողովը եւս մեկ անգամ նշեց տնտեսական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները: Այսօր պետք է խոսել առեւտրի, մեքենաշինության, այլ ոլորտներում տնտեսական զարգացման մասին:

Կարելի՞ է խոսել մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման դրական միտումների մասին:

Անշուշտ: Այո, կարեւոր են քաղաքական գործիչների, գործարարների եւ փորձագետների շփումները, սակայն երկու ժողովուրդների  հարաբերությունների պատմությունն առաջին հերթին սովորական մարդկանց շփումներն են: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ուկրաինայում շատ հայեր են ապրում: Մեզ համար շատ կարեւոր է, որ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներն այսօր ունեն բոլոր հնարավորությունները` լեզուն ու մշակույթը պահպանելու հարցում իրենց պահանջմունքերը բավարարելու առումով: Ուկրաինայի իշխանությունների կողմից հաոց լեզուն ու հայկական մշակույթը պահպանելուն ուղղված քայլերը բազմաթիվ են: Վերականգնվել են հայկական մշակութային ժառանգության հուշարձանները: Օրինակներից մեկը Լվովի հայկական տաճարում որմնանկարների վերականգնումն է:  Շատ հուշարձաններ են վերականգնվել Ղրիմում: Պետությունը որոշակի գումար է հատկացրել Ղրիմում հայերով խիտ բնակեցված շրջաններում հայոց լեզվի զարգացման համար, եւ մենք արձանագրում ենք, որ Ուկրաինայի ողջ տարածքում բնակվող հայ համայնքը հնարավորություն ունի մեծ օգուտ տալ պետությանը եւ միաժամանակ ունի բոլոր գործիքները` բավարարելու իր մշակութային պահանջմունքները:

Շատ հաճելի է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ուկրաինա` «Եվրո- 2012»-ի եզրափակիչ խաղը դիտելու համար: Ափսոս միայն, որ Հայաստանի հավաքականը չհայտնվեց «Եվրո- 2012»-ում, բայց, կարծում եմ,  ամեն ինչ կհաջողվի հաջորդ շրջանում:

Որքանո՞վ է արդյունավետ, Ձեր կարծիքով, հայկական եւ ուկրաինական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ցանկանում եմ նշել, որ տարբեր միջազգային կազմակերպություններում` ԵԽ, ԵԱՀԿ, ՍԾՏՀ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները միշտ էլ փոխըմբռնում են գտնում տարբեր հարցերի վերաբերյալ: Դա մեծ նշանակություն ունի, քանի  որ ճշգրտվում են դիրքորոշումները, մշակվում են որոշումներ, եւ համաձայնեցված արդյունքի են հասնում:  Մեզ համար դա հատկապես կարեւոր է, քանի որ 2013թ-ին Ուկրաինան նախագահելու է ԵԱՀԿ-ում: Անշուշտ, նախագահությունը այդ հեղինակավոր կազմակերպությունում մեզ համար հսկայական նշանակություն ունի, եւ պաշտոնական Կիեւը, բնականաբար, մտադիր է մեծ ուշադրություն հատկացնել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը: Կարելի է վստահորեն ասել, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ընթացքում մեր երկիրը կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան համակարտության կարգավորմանն ուղղղված ջանքերին: Այս մասին բացմիցս է նշվել Ուկրաինայի ղեկավարության կողմից, այդ թվում` նախագների հետ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Երեւանի եւ Կիեւի մեջ որեւէ գլոբալ խնդիր չկա: Լինում են հարցեր, այդ թվում` տնտեսության եւ բիզնեսի բնագավառում, որոնք հաջողությամբ լուծվում են:

Մարիամ Լեւինա