Եվգենի Պետրոսյանի եւ Նադեժդա Բաբկինայի թատրոնների ֆինանսավորումը մտադիր են կրճատել: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը, ընդգծելով, որ դա կվերաբերի նաեւ Միխայիլ Տուրեցկիի երկու երգչախմբերին:
Ինչպես հաղորդում է Polit.ru-ն` վկայակոչելով The Village բլոգը, ներկայումս Նադեժդա Բաբկինայի «Ռուսական երգ» թատրոնը քաղաքային բյուջեից տարեկան ստանում է 117 մլն ռուբլի, Եվգենի Պետրոսյանի «Ծուռ հայելի» թատրոնը` 70 մլն ռուբլի: Ինչ վերաբերում է Տուրեցկիին, ընդհանուր առմամբ, տարեկան նրան փոխանցվում է 13 մլն ռուբլի:
Թե որքանով կկրճատվեն այս գումարները, չի հաղորդվում: Միաժամանակ, Եվգենի Պետրոսյանը, մեկնաբանելով Կապկովի որոշումը, հայտարարել է, որ ամբողջությամբ նրա հետ համաձայն է, քանի որ թատրոնը լրիվ կարող է իրեն պահել առանց պետական աջակցությոն:
Իսկ ահա Նադեժդա Բաբկինան հրաժարվել է մեկնաբանել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի հայտարարությունը:



























