Իրանում «Մեծ Մարգարե-7» պայմանական անվանումով լայնածավալ զորավարժանքների ընթացքում, այսօր` հուլիսի 3-ին, հրթիռներ են արձակվել, այդ թվում` բալիստիկ: Պայմանական նպատակներով արձակվել են տարբեր տեսակի եւ հեռահարության տասնյակ հրթիռներ, մասնավորապես` բալիստիկական «Շահաբ-1», «Շահաբ-2» եւ «Շահաբ-3», գրում է ISNA-ն:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հաղորդել էր, որ հրթիռների թիրախ կհանդիսանան պայմանական հակառակորդի ռազմակայանների մանրակերտերը` տեղակայված երկրի հյուսիսային Սեմնան նահանգի անապատում:

«Շահաբ-3» հրթիռի հեռահարությունը, որը կազմում է շուրջ երկու հազար կմ, Իրանին թույլ կտա հրթիռային զենքի տվյալ տեսակը կիրառել Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքում տեղակայված ԱՄՆ-ի ԶՈՒ կայաններին հարված հասցնելու համար: Մնացած հրթիռների հեռահարությունը կազմում է 200-750 կմ:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 2-ին Իրանում  եռօրյա լայնածավալ զորավարժանքներ են սկսվել:  Ինչպես հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը, զորավարժանքներն  այլ երկրների կողմից ցանկացած թշնամական գործողությունների դեպքում Իրանի հակահարված տալու ունակությունն ի ցույց դնելու նպատակ են հետապնդում:

Նախօրեին ԻՀՊԿ-ի ձեւավորումները, որոնք երկրի ԶՈՒ հրամանատարությանը չենթարկվող Իրանի վերնախավային զինված խմբեր են, զորավարժանքների շրջանակում հրամանատարական անձնակազմի վարժանքներ են անցկացրել: Ակնկալվում է, որ հուլիսի 4-ին տեղի կունենա ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի ռազմական օդանավերի եւ անօդաչու թռչող սարքերի թռիչքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին արեւմտյան լատվամիջոցները, ԻՀՊԿ-ի «Մեծ Մարգարե-7» զորավարժանքները համընկել են իրանական նավթի ներկրման նկատմամբ ԵՄ-ի բեռնագելքի ներմուծմանը: