Վրաստանում հուլիս ամսվան ոչ բնորոշ երեւույթ է արձանագրվել. երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Թուշեթիի սարերում ձյուն է եկել:

Ինչպես հաղորդել է հանրային հեռուստաընկերությունը, ձնածածկույթի բարձրությունը 10 սմ է: Ցրտել է Վրաստանի այլ շրջաններում եւս, որտեղ ջերմաստիճանը 2-3 աստիճան է:

Թբիլիսիում եւս ցուրտ է`18 աստիճան, այն դեպքում, երբ հունիսին ջերմաստիճանը հասնում էր 38-ի, գրում է  «Վզգլյադը»:

Սա այս տարվա եղանակային առաջին անակնկալը չէ: Մայիսին հորդառատ անձրեւների արդյունքում Կուր գետը դուրս էր եկել հունից եւ ջրի տակ թողել մի քանի փողոցներ, տասնյակ ավտոմեքենաներ, խանութներ, շենքերի առաջին հարկեր: Առանց էլեկտրականության էին մնացել վրացական մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ:

Բացի այդ, Վրաստանում վնասվել եւ քանդվել էին տրանսպորտային եւ հետիոտնային կամուրջներ: Արդյունքում յոթ գյուղեր մնացել էին մեկուսացած: Վնասվել էին էլեկտրահաղորդման գծերը: