Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան շարունակում է փակ մնալ: Այս մասին, այսօր` հուլիսի 3-ին, ասուլիսում ասաց ինքը` Շիրակ Թորոսյանը, հավելելով, որ Վրաստանը բազմազգ երկիր է, հետեւաբար պետք է համապատասխան քաղաքականություն վարի, այնինչ Վրաստանը մոնոէթնիկ երկրի քաղաքականություն է վարում, ինչը ճիշտ չէ:
Թորոսյանը նշեց, որ Ջավախքում լուրջ են սոցիալ-տնտեսական, հատկապես աշխատատեղերի բացակայության խնդիրը: «Մարդիկ արտագաղթում են, ինչը չի բխում, ոչ ջավախահայության, ոչ Հայաստանի շահերից»,-ասաց նա, հավելելով, որ բանակցել են մի շարք գործարարների հետ` այնտեղ աշխատատեղեր ստեղծելու համար: Խոսքն, ըստ պատգամավորի, գյուղմթերքի վերամշակման եւ շինանյութերի ոլորտի մասին է:
Նա ահազանգեց նաեւ, որ Վրաստանում էժան կարտոֆիլ են ներկրում, ինչի արդյունքում ջավախահայությունը ստիպված է ինքնարժեքից ցածր վաճառել իր բերքը:
Շիրակ Թորոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ գործարար պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարի» դեպքին, որտեղ ծեծելով սպանել էին Վահե Ավետյանին: Թորոսյանը կարծիք հայտնեց, որ այս ամենի պատճառը թողտվության միջավայրն է, կամ անվտանգության աշխատակիցները անհասկացող են: Ինչ վերաբերում է, փաստին, որ հասարակական խմբերը պահանջում են, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնի, նա ասաց, որ դրանով Վահե Ավետյանի կյանքը հետ չեն բերի: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Թորոսյանը նշեց, որ տարբեր առիթներով «Հարսնաքարում» եղել է մի քանի անգամ, իսկ գնալ չգնալու հարցը եւս երկրորդական է համարում, քանի որ այդ դեպքում եւս Վահե Ավետյանի կյանքը հետ բերել չի լինի:



























