Հայաստանի վերաձեւավորված կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին 100 հազ. աշխատատեղ ստեղծել: Սակայն որքանո՞վ է իրատեսական նման խնդիրը:
Աշխատատեղեր հենց այնպես ստեղծելը դժվար է: Անհրաժեշտ է, որ աշխատողներն ինչ-որ բան արտադրեն կամ ծառայություններ մատուցեն: Մեր շուկան հիմնականում հագեցած է ներկրված ապրանքով:
Իսկ ունե՞նք առաջընթաց բնակչության զբաղվածության հարցում: Համաձայն պաշտոնական տվյալների` գործազուրկների թիվն անցած տարի, նախորդ տարվա համեմատ, 278,2 հազարից դարձել է 265,7 հազար: Սակայն միաժամանակ զբաղվածների թիվը, որքան էլ տարօրինակ է, եւս նվազել է` 1185.2 հազարից հասնելով 1175.1 հազարի:
Ավելորդ չէ ուշադրություն դարձնել Հայաստանի խոշոր գործատուների ցանկին: Պետեկամուտների կոմիտեի տեղեկությունենրով` ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում 413 առեւտրային ընկերություն է եղել` 100 հոգի եւ ավելի անձնակազմով: Նշված ընկերությունները միասին աշխատանքով են ապահովել 155,8 հազ. մարդու:
Այսպիսով, 100 հազ. աշխատատեղ ապահովելու համար անհրաժեշտ է նման 265 միջին ընկերություն: Պետ ք է հաշվի առնել, որ միջին ցուցանիշը նկատելի բարձրացնում են խոշոր ընկերությունները: Աշխատողների ընդհանուր թվի մոտ կեսն ապահովում է ընդամենը 54 ընկերություն` վերոնշյալ 413 –ից:
Պետք է ստեղծել առնվազն 69 նման խոշոր ընկերություն, եւ հաջողությամբ հնարավոր կլինի լուծել 100 հազ. նոր աշխատատեղի հարցը: Սակայն խնդիրն այն է, որ նման խոշոր ընկերություններ հնարավոր չէ հինգ տարում ստեղծել:
Հայաստանի խոշոր գործատուները բնական մենաշնորհների ոլորտում տնտեսվարող սուբյեկտներ են, իսկ դրանց թիվը հնարավոր չէ ավելացնել: Դրա համար պետք է բնական մենաշնորհի նոր ոլորտ ունենանալ, իսկ նման բան ոչ մոտ, ոչ էլ հեռավոր ապագայում չի նախատեսվում:
Մյուս խոշոր գործատուները հեռահաղորդակցության ոլորտի երեք խոշոր օպերատորներն են: Հեռահողորդակցության շուկայում այդ թիվը կարելի է մրցակցային եւ օպտիմալ համարել մեր երկրի համար: Այնպես որ, այս ոլորտում եւս հազիվ թե նոր հզոր կազմակերպություն ի հայտ գա:
Սակայն, ենթադրենք, շեշտը պետք է դնել միջին` 200 հոգանոց անձանակազմ ունեցող ընկերությունների վրա: Այդ դեպքում իր ծրագրի իրականացման համար կառավարությունը ստիպված պետք է լինի հինգ տարվա ընթացքում 500 միջին ընկերություններ ստեղծել...
Հնարավոր է երկրում զբաղվածությունը կտրուկ ավելացնել հայրենական արտադրանքն արտերկրում վաճառելու միջոցով: Հարցն այդ ասպեկտով դիտարկելիս` բացառենք գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ դրա արտահանումն ընդամենը կբարելավի մեր ֆերմերների վիճակը: Այլ խնդիր է վերամշակվող արտադրանքի` գինու, կոնյակի, պահածոների արտահանումը: Սակայն այստեղ կրկին առաջ է գալիս արտաքին շուկաների խնդիրը: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման որտում արտահանման կտրուկ աճից կարելի է մի քանի հազար նոր աշխատատեղի ստեղծում ակնկալել:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմանը եւ բաց հանքերի մշակմանը, ապա այստեղ աշխատողների թիվը հիմնականում կայուն է, նոր ձեռնարկությունների ստեղծումը կարող է ընդամենը մի քանի հազ. մարդու համար աշխատատեղ ապահովել:
Ամփոփելով վերոնշյալը` կարելի է գալ այն եզրահանգման, որ 100 հազ. աշխատատեղ ստեղծելու խնդիրը, լավագույն դեպքում, կարող է մասնակի իրականացվել: Թե քանի՞ տոկոսով կարող է կատարվել այդ խնդիրը` կախված լինի նոր կառավարության գործունեության արդյունավետությունից:
Ալբերտ Խաչատրյան



























