Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հուլիսի 6-ին, Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու «Հարսնաքար» ռեստորանում ծեծելով սպանված, Հայաստանի զինված ուժերի մայոր Վահե Ավետյանի հոգեհանգստյան արարողությունը, հաղորդում է Hyeli.net-ը:

Համացանցային ռեսորսն իր նյութում գրում է. «Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին, Երեւանում, մոտ երկու շաբաթ գիտակցության չգալով, այն բանից հետո, երբ հունիսի 17-ին, Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, «Նեմեց Ռուբո» մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել նրան ու գործընկերներին:

Այդ դեպքի առիթով Հայաստանում սկսվել էր հասարակական դժգոհություն ու բողոքի ցույցեր, տեղի է ունեցել մոմավառություն, Վահեի հուղարկավորությանը մասնակցել են մեծ թվով անձիք:

Սփիւռքահայերը եւս բողոքի ցույցեր ու մոմավառություն են անցկացրել Լոս Անջելեսի ու Բեռլինի հայաստանյան ներկայացուցչությունների առջեւ:

Հայաստանում տեղի ունեցող նման դեպքերը ուղղակի կապ ունեն ու վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ բնակության վայրից: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելով՝ մասնակցում ենք Վահեի հետ կատարվածի դէմ բողոքին` հանուն Հայաստանում արդարության ու օրենքի իշխանության»: