Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (ղեկավար` Հայկ Քոթանջյան) դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի եւ նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինված ուժերի սպաների նկատմամբ գործադրված դաժան բռնությունը եւ ցավակցում է այդ բռնությանը զոհ դարձած բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:

Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան արմատավորվող բռնության մշակույթը գնահատում է ոչ միայն որպես մարդկային ողբերգություն ծնող երեւույթ, այլեւ ազգային անվտանգության համար ռեալ սպառնալիք, ինչը Հայաստանի առջեւ կանգնած անվտանգային մարտահրավերների պայմաններում կարող է վտանգել անգամ հայոց պետականությունը:

Նման իրավիճակում առողջ հասարակական հարաբերությունների եւ արդիական քաղաքական մշակույթի ձեւավորմամբ պետականության շահի գերակայության ընկալման արմատավորումը դառնում է կենսական անհրաժեշտություն: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան` որպես մասնագիտական ընկերակցություն, պարոն Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է առաջնորդվել այս գերակա շահի գիտակցմամբ եւ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով իր նախաձեռնությամբ հրաժարվել պատգամավորական լիազորություններից, ինչպես նաեւ դադարեցնել իր քաղաքական գործունեությունը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մասնագիտական պարտքն է համարում տալ պատահածի զուտ քաղաքագիտական գնահատականը` քրեական որակումը թողնելով ՀՀ իրավասու մարմիններին»: