Առայժմ որեւէ ցուցիչ չկա, որ կվկայեր, թե ՆԱՏՕ-ն Իրանին հարվածելու գործողությունների անգամ նախնական ծրագիր ունի: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում կայացած օնլայն-հարցազրույցում հայտարարել է Հարվարդի համալսարանի Քենեդի անվան դպրոցի Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Ուկրաինա փոխհարաբերությունների ծրագրերի տնօրեն Սերգեյ Կոնոպլեւը: Փորձագետը նշել է, թե Իրանը Լիբիան չէ, եւ գործողությունը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:

«ԱՄՆ-ը, որ ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող անդամն է, այժմ երկու պատերազմների մեջ է խրված: Կոնգրեսը կրճատել է Պենտագոնի ծախսերը, ուստի միաժամանակ մի քանի գործողությունների միջոցներ չեն բավարարի: Բարդ է ասել, թե ինչպես իրեն կպահի ՆԱՏՕ-ն սադրանքի կամ միակողմանի կարգով Իրանի օբյեկտներին հարվածելու դեպքում»,- նշել է փորձագետը` հավելելով, որ Դաշինքը դժվար թե ինքն առաջինը հարվածի:

Կոնոպլեւը նշել է, թե այժմ Իրանին հարվածելու հիմքեր չկան, եւ չդադարող խոսակցությունները ավելի շուտ աղմուկ են: Նա ավելի մեծ է համարել Իսրայելի կողմից հարված հասցնելու հնարավորությունը, սակայն հարցի ռազմական լուծումը շատ ծանր հետեւանքներ կունենա: