Բրազիլիայի ռազմական օդուժի օդաչուները, ցուցադրելով ֆրանսիական Mirage-2000 ինքնաթիռների հզորությունը, այնքան ցածր բարձրությամբ են թռել, որ ձայնային ալիքը կոտրել է Գերագույն դատարանի բոլոր ապակիները: Տուժել են նաեւ կոնգրեսի մի քանի շինություններ: Շենքին հասցված վնասը գնահատվում է 35 հազար բրազիլական ռեալ (մոտ 17 հազար դոլար):

Ռազմական ինքնաթիռները մասնակցել են Երեք Տերությունների հրապարակում դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը: Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն ազդեցությունն այնքան հզոր է եղել, որ ապակիները կոտրվել են:

Զինվորականները խոստացել են փոխհատուցել վնասը: Վերանորոգման համար կպահանջվի 15 օր, իսկ մինչ այդ գլխավոր դատավոր Կառլոս Այրես Բրիտոն իր աշխատասենյակն այլ շենք է տեղափոխել: