Հաքերների խումբը, որը հայտնի է RedHack անունով, այսօր` հուլիսի 3-ին կոտրել է Թուրքիայի ԱԳՆ կայքը եւ ցանցում տեղադրել հարյուրավոր արտասահմանցի պաշտոնյաների եւ դիվանագետների անձնական տվյալները:

Հաքերները մատչելի են դարձրել Dropbox-ի հասցեյի հղումը, որտեղ կան արտասահմանյան դիվանագետների անձնական վկայականների լուսանկարները, որոնք ներկայացվել են Թուրքիայի ԱԳՆ, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Իրենք` հաքերները, հայտարարել են, որ իրենց ակցիան ցույց է տալիս, թե որքան խոցելի են կայքերը, որոնցում առկա է գաղտնի տեղեկատվություն: Նրանք խորհուրդ են տվել պաշտոնյաներին զբաղվել համակարգիչներով, այլ ոչ թե` Սիրիայով:

Թուրքիայի ԱԳՆ կայքում հաքերների խումբը լուսանկարներ է տեղադրել, որոնցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրկախառնվում է Մուամար Քադաֆիի եւ Բաշար Ասադի հետ:

Նրանք գրություն են թողել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի համար, որտեղ նրան նախազգուշացնում են, որ շարունակելու են փաստաթղթեր հրապարակել ԱԳՆ-ի պորտալից:

Հիշեցնենք, որ հունիսին RedHack հաքերների խումբը կոտրել էր Թուրքիայի զինված ուժերի կայքը: