Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի  հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ  Վարդան Սամվելյանի դեմ, ով զինաթերքով մտել էր «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել էր պայթեցնել այն, դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն:

Վարդան Սամվելյանի վերաբերյալ Ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, ստացվել են ՀՀ ՊՆ քննչական  ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում: Նյութերի հիման վրա  հարուցվել է  քրգործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը  կամ կրելը):

Վ. Սամվելյանը  ձերբակալվել է  ՀՀ Քրօր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցանք կատարելու կասկածանքով:  Նա տեղափոխվել է ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Նշվում է, որ նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Բացի այդ կազմակերպվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջում են մանդատից զրկել «Հարնսագար» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին: