Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Աֆանասիեւին կանչել են երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` Կունաշիր գնալու կապակցությամբ: Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունում եւս հաստատել են այդ տեղեկատվությունը:  

Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Կոիտիրո Գեմբան հայտարարել է, որ  Կունաշիր կղզի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը վատ կանդրադառնա ռուս-ճապոնական հարաբերությունների վրա:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հուլիսի 3-ին այցելել է Կունաշիր կղզի: Կուրիլյան կղզիները Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա են: Հարավային Կուրիլներ Մեդվեդեւի 2010 թվականի նախորդ այցը հարուցել էր Ճապոնիայի խիստ բացասական արձագանքը եւ երկկողմ հարաբերությունների սառեցման  հիմնական պատճառն էր դարձել: