Այսօր Կազանի նոտարական գրասենյակ «ահաբեկչուհի» է ներխուժել, սպառնացել պայթուցիկով ու երկու գերի վերցրել: Ըստ ականատեսների` «ահաբեկչուհին» սեւ երկար զգեստով է եղել` շահիդի գոտի կապած: Դժգոհ թոշակառուն վնասազերծվել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրան այդ քայլին դրդած պատճառները:
Թաթարստանի ՆԳՆ-ում հայտնել են մանրամասները. ոստիկաններն արագ շրջափակել են տարածքը եւ տարհանել շրջակա տների բնակիչներին, զուգահեռ բանակցություններ են տարվել նոտարական գրասենյակը զավթած կնոջ հետ: Բանակցությունների ընթացքում հաջողվել է շեղել կնոջ ուշադրությունը, որից հետո նրան ձերբակալել են, հայտնում է rbc-ն:
Նրա մոտ հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակ, իսկ գոտու վրա եղած պայթուցիկը մուլյաժ է եղել: 1944 թվականին ծնված կազանյան թոշակառուն դժգոհ է եղել նրանից, թե ինչպես է նոտարն իրականացրել ժառանգության հետ կապված իր գործի իրավաբանական մասը: Այլ մարմինների պատասխանները, որոնց դիմել է թոշակառուն, եւս չեն գոհացրել, եւ նա որոշել է նման միջոցով ուշադրություն հրավիրել խնդրի վրա:


























