Գյուղմթերքների խոշորագույն արտահանող «Սպայկա» ընկերությունն առաջիկա օրերին կսկսի ծիրանի ու կեռասի մթերումները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ընկերության զարգացման գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` մթերումների կարճատեւ դադարը պայմանավորված է նախորդ շաբաթներին մթերման շատ մեծ ծավալներով: Մասնավորապես` նախատեսված 150 տոննայի փոխարեն օրական մթերվել է 300-350 տոննա, քանի որ Արտաշատում եւ Արմավիրում բերքը միաժամանակ հասունացավ:

Այս ընթացքում ընկերությունը շարունակել է արտահանել մթրեված միրգը: Ըստ Կ. Բաղդասարյանի` ծիրանը մթերել են կգ-ը 300-400 դրամով, իսկ կեռասը` միջինը 400 դրամով:

Մթերումները վերսկսելու համար ընկերությունը կարիք ունի ֆինանսական ռեսուրսների համալրման, ու Կ. Բաղդասարյանի խոսքով` ընկերությունը վարկ կվերցնի:

ՀՀ գյուղնախարարության ագրովերամշակման եւ սննդի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8302 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 6170 տոննան` ծիրան: Նախորդ տարի այս նույն օրվա դրությամբ արտահանվել էր 4360 տոննա պտուղբանջարեղեն, որից 2800 տոննան` ծիրան: