Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը` Գյուլնարա Քարիմովան, լքել է Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Ֆերգանա»-ն` վկայակոչելով երկրի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրությունը:
Դրանում ասված է, որ Իսպանիայում Ուզբեկստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին) Դիլշոդ Ահաթովը իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ին: 2010 թվականից ի վեր Դիլշոդ Ահաթովը Ուզբեկստանի դեսպանն է Գերմանիայում:
Այսպիսով, ըստ «Ֆերգանայի», Ուզբեկստանի ավագ դուստրը, ով հայրենիքում ավելի շատ հայտնի է որպես էստրադային երգչուհի (նա հանդես է գալիս GooGooSha բեմական անունով) եւ զարդերի դիզայներ, այլեւս Իսպանիայում դեսպան չէ: Երբ է նա լքել այդ պաշտոնը եւ որն է եղել պատճառը, չի հաղորդվում: Նա Իսպանիայում դեսպան էր 2010 թվականից:
2003-2005 թվականներին Գյուլնարա Քարիմովան աշխատել է Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանատանը որպես խորհրդատու, որից հետո աշխատանքի է անցել երկրի ԱԳՆ-ում: 2008-ից նա հանրապետությունը ներկայացրել է ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում:




























