ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունն անհնարին է: Այդ մասին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով ղարաբաղյան հարցով հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումնեևրի մերձցման հարցում Իրանի միջնորդական դերի հնարավորության մասին:
Քաղաքագետի խոսքով, տեսականորեն Իրանը կարող է շատ բան անել այս տարածաշրջանում, եւ տեսականորեն հայաստանը դեմ չէր լինի, որ տարածաշրջանյին ուժերը ներգրավեին կարգավորման գործընթացին: Սակայն, ըստ Իսկանդարյանի, պետք է տարանջատել տեսությունը պրակտիկայից: «Իրանի միջնորդական դերը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում գործնականում անհնար է:
Մինսկյան գործընթացն ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում: Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, նաեւ այդ կազմակերպության առանցքային երկրները տարբեր զգացմունքներ ունեն ԻԻՀ-ի նկատմամբ»,- ասել է նա` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը կբարդացնի ղարաբաղյան կարգավորման գործընթացը:




























