Սիրիական հեղափոխության գլխավոր կոմիտեն, որը Սիրիայի ընդդիմության գլխավոր խմբավորումներից է, դադարեցրել է իր մասնակցությունը սիրիական ընդդիմադիր ուժերի կոնֆերանսին, որը տեղի է ունենում Կահիրեում:

Սիրիայի ընդդիմության ընդլայնված կոնֆերանսը, որը հանդես է գալիս Բաշար Ասադի տապալման օգտին, բացվել է Կահիրեում հուլիսի 2-ին, Արաբական երկրների լիգայի նախաձեռնությամբ: Կոնֆերանսին մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի շուրջ 250 ներկայացուցիչներ եւ անկախ գործիչներ: Մասնավորապես, կոնֆերանսում ներկայացված են սիրիացի «Մահմեդական եղայրները», Սիրիական ազգային խորհուրդը, Ազգային համակարգող կոմիտեն: Սիրիայի ներքին զինված ընդդիմությունը բոյկոտել է կոնֆերանսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեր կազմակերպությունը լքում է կոնֆերանսը, քանի որ հրաժարվում է մասնակցել քաղաքական բանավեճերին, որոնք Սիրիայի ժողովրդին եւ հեղափոխությունը դնում են միջազգային տարաձայնությունների մուրճի եւ երկրում իշխող ռեժիմի միջեւ»,-ասված է Սիրիական հեղափոխության գլխավոր կոմիտեի տարածած փաստաթղթում:

Կոմիտեն նշում է, որ ներկա պահին ամենակարեւոր հարցը «ազգային հեղափոխական ուժերի միասնության ամրապնդումն է, առաջին հերթին Սիրիայի ազատ բանակի հետ»:

Կահիրեի կոնֆերանսում ընդունվելիք փաստաթղթի նախագիծը ենթադրում է Բաշար Ասադի հրաժարական եւ պատասխանատվության ենթարկում բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն խաղաղ սիրիացիների սպանություններին: