Նույնիսկ եթե Իսրայելն Ադրբեջանին եւս մի քանի անօդաչու սարքեր առաքի, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Այդ մասին, այսօր` հուլիսի 3-ին, Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մյուս բանախոսի` ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանում բավական լրջորեն է դիտարկվում հնարավորությունը, թե Ադրբեջանը կօգտվի Իրանի դեմ ռազմական գործողություններից եւ կփորձի ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական եղանակով: Այդ համատեքստում նա նկատել է, թե Ադրբեջանը լայն համագործակցության գնաց Իսրայելի հետ, պատրաստ է անգամ իր օդանավակայանները տրամադրել, փոխարենը հուսալով կանաչ լույս ստանալ Արեւմուտքից Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար:
Իր հերթին, Իսկանդարյանը նկատել է, թե Իսրայելն իհարկե զենք է առաքում, սակայն այլ երկրներ եւս անմասն չեն դրանից:
«Սպառազինության այն տեսակները, որ առաքում է Իսրայելը, գլխավորը չեն: Արեւմտյան գերտերություններին Ադրբեջանը պետք է Իրանի դեմ պատերազմելու համար: Սցենարը, որ Իրանի վրա կհարձակվեն Ադրբեջանի տարածքից, նույնպես անհնար է: Ես բավական հարգանքով եմ վերաբերվում Ադրբեջանի ղեկավարությանը, նրանց խելագար համարել պատրաստ չեմ: Իսկ նման քայլը նրանց կողմից խելագարություն կլիներ»,- ասել է նա:




























