Մոսկվայում ձերբակալել են վրացի գեներալ, Բաթումիի 25-րդ բրիգադի նախկին հրամանատար Ռոման Դումբաձեի սպանության մեջ կասկածվողներին: Դումբաձեն գնդակահարվել էր մայիսի 21-ին, Ռուբլյովկայում:
Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել են սպանության ուղղակի կատարողները: Ներկայումս զինված խմբի երեք անդամների հետ, ովքեր վրացիներ են, քննչական գործողություններ են կատարվում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Քննությունը նախատեսում է նրանց սպանության եւ հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանք առաջադրել եւ կալանքի միջնորդությամբ դիմել դատարան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում մայիսի 21-ին Ռուբլեւո-Ուսպենյան մայրուղու վրա սպանվել Վրաստանի զինված ուժերի նախկին գեներալ, Բաթումի 25-րդ բրիգադի հրամանատար Ռոման Դումբաձեն: Անհայտ անձինք մոտոցիկլետով մոտեցել, գնդակահարել են նրան եւ հեռացել:
Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել էր, որ այդ սպանությունն աջարական սփյուռքում ազդեցության ոլորտների վերաբաշխման արդյունք է: Նրա խոսքով, հանցագործության հիմքում ընկած են մրցակցող էթնիկ հանցագործ խմբերի բիզնես շահերը, որոնք վերահսկվում են օրենքով գողեր Թարոյի եւ «Դեդ Հասանի» կողմից:
Միաժամանակ նա չի բացառել վրացական իշխանությունների վրեժի տարբերակը, որոնք ստիպված էին 2008 թ. Դումբաձեին բաց թողնել բանտից, որտեղ նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել դավաճանության եւ ապստամբության համար:
2010թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով Դումբաձեն ռուսական քաղաքացիություն էր ստացել: Նշենք, որ Դումբաձեն Վրաստանի եւ Աջարիայի իշխանությունների միջեւ հակամարտության ժամանակ հրաժարվել էր ենթարկվել Վրաստանի նախագահին եւ հայտարարել, թե անցնում է Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հրամանատարության տակ: Դրա համար նա ձերբակալվել եւ երկար ժամանակ պահվում էր մեկուսարանում:




























