Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հուլիսի 3-ին, ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը փաստել է,  որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը`  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես Եվրամիության  կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:  Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Աբրահամյանը հավաստել է Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշել է, որ եվրոպական կառույցները  բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական  բարեփոխումների իրականացման հաջողության գործում,  եւ այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու  Հովիկ Աբրահամյանի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշել է, որ  Հայաստանը Արեւելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է,  որ Եվրամիությունը բարձր է գնահատում  եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր: