Գիտնականները պաշտոնապես հայտարարել են նոր մասնիկի բացահայտման մասին: Չի բացառվում, որ խոսքը Հիգսի բոզոնի մասին է: Նման եզրահանգման են եկել ֆիզիկոսները` մեծ ադրոնային կոլայդերով մի շարք գիտափորձերից հետո:
«Մենք բավականին ուժեղ վկայություններ ունենք` բացահայտման մասին խոսելու համար»,-հայտարարել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) ներկայացուցիչը` ընդգծելով, որ այդ մասնիկը շատ առանձնահատկություններով նման է Հիգսի բոզոնին:
Այդուհանդերձ, մինչեւ վերջ պարզ չէ, դա հենց Հիգսի բոզոնն է, թե նմանատիպ ինչ-որ բան:
Նշենք, որ Հիգսի բոզոնը տարրական մասնիկների ժամանակակից տեսության պակասող տարրն է: Այդ ենթադրական մասնիկը պատասխանատու է մյուս բոլոր տարրական մասնիկների զանգվածների համար: Սակայն տեսությունը թույլ չի տալիս հաստատել Հիգսի բոզոնի զանգվածը:




























