Համաշխարհային հանրությունը ամեն գնով չպետք է թույլ տա Սիրիայում հետագա միլիտարիզացիան: Այս մասին իր զեկույցում նշել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը:

Այսպիսով, ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», միջազգային դիտորդները հրապարակայնորեն խոստովանել են շահագրգիռ կողմերի` սիրիացի գրոհայիններին զինելու փաստը: Իր զեկույցում Փիլեյը չի նշել կոնկրետ երկրներ, որոնք Բաշար Ասադի հակառակորդներին զենք են մատակարարում, սակայն կոչ է արել միջազգային հանրությանը «ամեն գնով թույլ չտալ Սիրիայի հետագա միլիտարիզացիան»:

Միաժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտնել է այն պայմանները, որոնց դեպքում ինքն անհապաղ հրաժարական կտա: «Եթե իմ հեռացումը փրկություն կբերի երկրին, ես ոչ մի րոպե չեմ տատանվի»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ իր հետագա ճակատագիրը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երրորդ երկրները: