Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարումը զղջում չէ, այլ քաղաքական որոշում, որն ընդունել է հանրապետության նախագահը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ընդգծելով, որ զղջումը 2-3 օր կամ մեկ շաբաթ հետո չի գալիս:
«Դա եղել է Հայաստանի նախագահի` հանրության ճնշման ներքո կայացրած որոշումը»,-հայտարարեց Քոչարյանը` ընդգծելով, որ այն, ինչ կատարվեց, շատ լավ է: «Ես, իհարկե, չեմ տեսել, ինչ էր կատարվում 1945թ. մայիսի 9-ի հաղթնակի օրը, բայց ես ֆիլմեր եմ տեսել: Այն, ինչ կատարվում էր սոցիալական Facebook ցանցում Հայրապետյանի հայտարարությունից հետո, ինձ շատ է հիշեցնում այդ տարիների ցնծությունը»,-ասաց զրուցակիցը:
Ինչպես նշեց փորձագետը, սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ հասարկության ճնշման արդյունքում քաղաքական գործիչ է հեռանում. «Նախկինում նման բան չի եղել: Թեեւ ես չեմ կարծում, որ դրանով ամեն ինչ ավարտվում է: Սակայն գոլորշին բաց է թողնված, եւ բավականին ուժեղ»,-ասաց նա:
Կարեն Քոչարյանի կարծիքով, ժամանակակից Հայաստնում հասարակական կարծիքը կամաց-կամաց կշիռ է ստանում, քանի որ փոխվում է հայկական հասարակությունը` քայլելով ժամանակի հետ համընթաց: «Սրանում իր դերն է խաղացել համացանցը, մասնավորապես, սոցիալական ցանցերն ու բոլոգոսֆերան: Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ էր ասվում, որ դրանք նոր, հզոր գործիքներ են: Պարզվեց, ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակակն: Սա առաջընթաց է, լուրջ առաջընթաց»,-եզրափակեց փորձագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Դրանից մեկ ժամ առաջ նա հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ:




























