Եվրամիությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը ընտրություններում քաղաքական մրցակցությունը եւ դրանց թափանցիկությունը մեծացնելու հարցում: Վերջին խորհրդարանական ընտրությունները կարեւոր քայլ էին առաջ, թեեւ կան որոշակի խնդիրներ, որոնք արտացոլված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին, հայտարարել է ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Հայաստանը Եվրոպայում» կոնֆերանսի ժամանակ:
Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն մինչեւ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները:
«Այսօրվա կոնֆերանսի ընթացքում կցանկանայի մեկ ուղերձ հղել: Հայաստան-ԵՄ մերձեցման համատեղ ծրագիրը կարող է իրագործվել միայն այն դեպքում, եթե այն ընդունվի քաղաքացիների կողմից: Այս առումով քաղաքացիական հասարակության դերը հսկայական է: Եվրոպական արժեքների հիման վրա բարեփոխումներն իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը ողջունելի է: Հասկանալի է, որ դա Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Ես մտադիր եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ պատգամավորների կոչ անել շարունակել բարեփոխումները, մեծացնել թափանցիկությունը, վերացնել կոռուպցիան եւ հարգել մարդու իրավունքներն ու օրենքի գերիշխանությունը, այդ թվում խոսքի եւ լրատվամիջոցների ազատությունը:
Հայաստանը ճիշտ ճանապարհին է, թեեւ դեռ շատ աշխատանք կա անելու: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին: Որքան շատ լինի բարեփոխումներ իրականացնելու ձեր ցանկությունը, այնքան շատ կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա»,-ասել է Ռոմպելը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























