Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելը բարոյական հարթության հարց է, ոչ թե` քրեական: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու փաստը` վերջինիս պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո:  «Ինչ վերաբերում է հարցի քրեական կողմին, պատահածի հետաքննությանը, ապա այստեղ դժվար է ինչ-որ բան ասել», -հավելել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ մնացած օլիգարխներն էլ Հայրապետյանի օրինակով վայր դնեն մանդատները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ամեն ինչ կոնկրետ մարդուց է կախված: Կան մարդիկ, որոնց, թեկուզ պատուհանից ցած նետես, մանդատը չեն հանձնի»:

Հիշեցնենք, հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել:

NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում  խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել:. Ծեծվել էին ռազմական բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը, ինչպես նաեւ Հայաստանի ՊՆ  զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 29-ին Ավետյանը վախճանվել էր: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:

Վերջին օրերին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

Լուսանկարը`Սոնա Բարսեղյանի