Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը Թուրքիայի խորհրդարանում Հայաստանի հետ սահմանակից Արդահան նահանգում արտագաղթի հետ կապված բողոքի ակցիա է իրականացրել՝ հանելով փողկապն ու պարզելով կարգախոս:

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը ամբիոնի մոտ հայտարարել է, թե Արդահանի Չըլդըրի շրջանում բժիշկ չկա, ուսուցիչ չկա, փակվել են բանտը, բնակչությունն արագ արտագաղթում է:

Էնսար Օղութն ամբիոնի մոտ ընդվզել է՝ հարց տալով իշխանություններին. «Արդահանի Չըլդըրը դատարկում եք, որ մեր հողերը Հայաստանի՞ն տաք»: Ելույթից հետո թուրք պատգամավորը փողկապը հանել եւ նետել է ամբիոնին, նաեւ կարգախոս է պարզել, որի վրա պահանջ է եղել՝ վերաբացել Հայաստանի հետ սահմանակից շրջանների դատարանները: