Վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում սկսված բուռն իրադարձությունները հասել են որոշակի հանգրվանի. Լիբիայում, Եգիպտոսում կատարված իրադարձությունների կրկնությունը լուրջ դժվարությունների է հանդիպել Սիրիայում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Սիրիան եւ Իրանը միշտ էլ առանձնանում են թե ներքին, թե արտաքին ոլորտում:
Նա նշեց, որ մերձավորարեւելյան զարգացումներում Թուրքիային տրված է լուրջ դերակատարում, թուրք-սիրիական հարաբերությունները լարման կիզակետում են եւ ամեն օր լարվում են:
Թուրքագետն այստեղ կարեւորում է երկու հանգամանք՝ արեւմտյան ուժերի դիրքորոշումը, ինչպես նաեւ Սիրիա-Իրան դաշինքը, որն ունի քաղաքական եւ դավանանքային դեր: Նրա կարծիքով՝ եթե արեւմտյան ուժերն Իրանի նկատմամբ ունեն բացասական դիրքորոշում եւ դա արտահայտում են, ապա Թուրքիան Իրանի հետ վարվում է շատ ավելի զգույշ: «Իրանի քաղաքական դաշտում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը ձեւավորվել է բարի սառնություն: Թուրք-իրանական հարաբերություններն այսօր չեն գտնվում այնպիսի լարված վիճակում, ինչպես թուրք-սիրիականը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Ռուբեն Մելքոնյանի կանխատեսմամբ՝ Բաշար ալ-Ասադն այս պահին գնում է դեպի ավելի մեղմացում, ապագայում հնարավոր է անձի փոփոխություն լինի, բայց վարչակարգի փոփոխությունը շատ ավելի դժվար կլինի:
Թուրքագետի խոսքով՝ թուրք-սիրիական հակամարտությունն ունի դավանական բնույթ,այստեղ ոչ թե թուրքերն ու արաբներն են պայքարում, այլ սուննիներն եւ շիանները, իսկ Թուրքիան օգնում է սուննիներին եւ կռվում է շիաների դեմ:




























