Կատինյան գնդակահարությունների զոհերի հարազատները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում բողոքարկել են ՄԻԵԴ-ի որոշումը:
Փաստաբան Իրենեուշ Կամինսկին հույս ունի, որ բողոքի քննարկման ամսաթիվը կարող է նշանակվել արձակուրդային տարեշրջանի ավարտից հետո` սեպտեմբեր-հոկտեմբերին: Բողոքարկման առիթը գործի կարեւորությունն է, ինչպես նաեւ այն, որ նախորդ անգամ դատավորների կարծիքները չեն համընկել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստրասբուրգի դատարանը ապրիլին որոշում էր կայացրել զոհված ռազմագերիների հարազատների բողոքի վերաբերյալ:
Դատարանը Ռուսաստանին մեղավոր էր ճանաչել 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելք) խախտելու մեջ: Ընդ որում, դատավորները որոշում չէին կայացրել 2-րդ հոդվածը խախտելու վերաբերյալ (կյանքի իրավունք):
ՊԱԿ-ի նախագահ Ալեքսանդր Շելեպինի գաղտնազերծված գրության համաձայն`Սմոլենսկում եւ Կալինինոյում (Տվեր), ինչպես նաեւ Ուկրաինայում եւ Բելառուսում ընդհանուրը 22 հազար լեհ ռազմագերիներ են սպանվել:
Լեհական կողմը դիմել է Ստրասբուրգի դատարան` իր դժգոհությունն արտահայտելով Ռուսաստանի 70-ամյա վաղեմության գործողությունների կապակցությամբ: 1990-ականներին սկսված հետաքննությունը դադարեցվել էր 2004թ.` ՌԴ Քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմնավորմամբ (մեղավորների մահվան համար):
Դրա հետ կապված ՄԻԵԴ-ում 2007 եւ 2009 թվականին երկու բողոքներ են ներկայացվել, որոնք հետագայում միացվել են: Ընդ որում, լեհական կողմը հայտարարել էր Եվրոպական Կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումների մասին:
2011 թվականի հուլիսին դատարանը բողոքներն ընդունել էր վերանայման այդ ցուցակի երկու հոդվածների համաձայն` 2 (կյանքի իրավունք) եւ 3 (տանջանքների եւ անմարդկային ու ինքնասիրությունը ստորացնող արարքների արգելք): Գործի հետաքննության մեջ որպես երրորդ կողմ ըստ Կոնվենցիայի 36-րդ հոդվածի` մասնակցել է նաեւ Լեհաստանի կառավարությունը:



























