Կիեւում բախումներ են սկսել ռուսերենի կարգավիճակի մասին օրենքի հակառակորդների եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները արցունքաբեր գազ են կիրառել Ուկրաինական տան մոտ հավաքվածների նկատմամբ, նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսից առաջ:
Ցուցարարները, չնայած ոստիկանության գործողություններին, արգելափակել են շենքի մուտքն ու վանկարկում են «Ոչ ավազակախմբին»:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, կան տուժածներ: «Մոտ հինգ մարդ նստած արյուն են մաքրում, շատերը լացում են արցունքաբեր գազից: Դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են եկել»,- ասել է ականատեսը:
Վիկտոր Յանուկովիչը ստիպված է եղել չեղյալ հայտարարել մամուլի ասուլիսը եւ հանդիպման է հրավիրել խորհրդարանի ղեկավարությանը:
Նշենք, որ հրաժարական է տվել Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, ով դեմ էր ռուսերենի կիրառումն ընդլայնող օրենքի ընդունմանը: Օրենքն ընդունվել էր երեկ, Լիտվինի բացակայության պայմաններում:




























