Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը` քննարկելու եւ ի մի բերելու տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու համագործակցության արդյունքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
Նրանց փոխանցմամբ` Մակբեթ ֆորբսը իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ` առանձնահատուկ ընդգծելով մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված էական եւ տեսանելի քայլերը: «Օրերս Գերմանիայի դաշնային հանրապետությունում միջկառավարական բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկա էին նաեւ Գերմանիայի դաշնության գերատեսչությունների եւ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք տարաբնույթ աջակցության ծրագրեր են իրականացնում մի շարք օտարերկրյա պետությունների հետ: Քննարկման ժամանակ հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի մրցակցային մարմնի գործունեությանը եւ հեղինակավոր կազմակերպությունները դրական գնահատականներ են հնչեցրել Ձեր ղեկավարած կառույցի մասին` Հանձնաժողովի գործունեությունը գնահատելով նպատակային, ուղղորդված եւ արդյունավետ, ինչպես նաեւ օրինակելի տարաշրջանի մյուս երկրների համար»,- ասել է Ջ. Մակբեթը: Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում Ջ. Մակբեթը նշել է նաեւ, որ Հանձնաժողովից ակնկալվող դրական արդյունքները տեսանելի եւ ակնհայտ են, այդ իսկ պատճառով Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է հետագայում եւս շարունակելու համագործակցությունն ու աջակցության ծրագրերը` ուղղված ՏՄՊՊՀ կարողությունների հզորացմանն ու Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանը:



























