Թիկնապահների մասին օրենքը 2013թ-ի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ: Այս մասին, այսօր` հուլիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը անդրադառնալով «Հարսանաքարում» տեղի ունեցած վերջին միջադեպին:
Հարցին, թե ինչո՞ւ 2013թ-ի հունվարի 1-ից, Սահակյանը պատասխանեց, որ սույն օրենքը ոլորտը կարգավորող նոր օրենք է, հետեւաբար մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի օրենքը լիարժեք կյանքի կոչվեր: Օրինակ, դրա համար պետք են լիցենզավորված դպրոցներ, որոնք թիկնապահների համար որոշակի դասընթացներ կկազմակերպեն եւ կտրամադրեն համապատասխան լիցենզիա, ինչպես նաեւ կարգեր կան, որ մինչեւ վերը նշված ժամկետը կառավարությունը պետք է ընդունի:
«Որպես օրենքի համահեղինակ, կարծում եմ նաեւ, որ օրենքը կյանքի կոչելուց հետո եւս որոշակի փոփոխություններ կկատարվեն: Հասարակական հարաբերությունները կարգավորելիս կարող են լինել թաքնված խնդիրներ, որոնք օբյեկտիվ պատճառներով մենք չենք նկատել կամ չենք տեսել»,- ավելացեց Հովհաննես Սահակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել էր ՊՆ զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:
Վերջին օրերին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել: Մինչ այդ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ տեղի ունեցածում Ռ. Հայրապետյանը ոչ մի մեղք չունի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























