Թալիշ լրագրող եւ իրավապաշտպան Գիլալ Մամեդովին, ով մեծ աղմուկ հանած «Ты кто такой? Давай, до свидания» տեսանյութի հեղինակն է, նոր մեղադրանք են առաջադրել` պետական դավաճանություն եւ ազգային, ռասայական, սոցիալական եւ կրոնական ատելության սերմանում: Այս մասին հաղորդում է contact.az-ը` վկայակոչելով Մամեդովի փաստաբանին: Մամեդովի գործով քննությունը հանձնարարված է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով վարչությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Խաղաղության եւ ժողովրդավարության Բաքվի ինստիտուտը հունիսի 21-ին հայտարարություն էր տարածել անհայտ անձանց կողմից Մամեդովի առեւանգման մասին: Հետագայում պարզվել էր, որ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Դատարանը վճիռ էր կայացրել երեք ամսով կալանավորել Մամեդովին: Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Էհսան Զաիդովը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովից բռնագրավվել էր 5 գ կոկաին, իսկ տան խուզարկության ժամանակ` 30 գ հերոին:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Մամեդովն ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին, որտեղ հայտնել է, որ ձերբակալումից անմիջապես հետո սպորտային կազմվածքով մարդիկ ծեծել են իրեն մեքենայի մեջ եւ ասել. «Ե՞րբ ես խելքի գալու», «Ե՞րբ ես դադարելու վիրավորել իշխանություններին Facebook-ում», «Ե՞րբ ես դադարելու հրավիրել տարբեր արտասահմանցի լրագրողների»:

Մամեդովը պատմել է, որ Աստարայում իրեն է այցելել НТВ-ի նկարահանող խումբը, որին ինքը հունիսի 13-ին հրավիրել է թալիշական ֆոլկլորի երեկոյի:

Տեղի իշխանությունները փորձել են Մամեդովին ստիպել չեղյալ համարել երեկոն, սակայն միջոցառումն, այդուհանդերձ, տեղի է ունեցել: Այդ երեկոյի ժամանակ Գիլալ Մամեդովն ասել է. «Եթե իշխանությունները «Եվրատեսիլ-2012»-ի համար ծախսելով մինչեւ մեկ մլրդ դոլար գումար, իբր ուզում էին ցուցադրել Ադրբեջանը ողջ աշխարհում, ապա մենք առանց մի կոպեկ ծախսելու ավելի լավ աշխարհին ներկայացրեցինք եւ Ադրբեջանը եւ նրա անբաժանելի մաս Թալիշը»: Այս խոսքը հայտնվել էր ինտերնետում:

Մամեդովի խոսքով, ձերբակալելուց անմիջապես հետո իրեն ասել են. «Այ երբ քո գրպանից թմրանյութեր կհանեն, այդ ժամանակ կասես. «до свидания»: