«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի որոշել` առաջիկա ՏԻՄ ընտրություններում կսատարի Հայ ազգային կոնգրեսի թեկնածուներին, թե ոչ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը` ոչ կոալիցիոն ուժերի թեկնածուներին աջակցելու հնարավորության մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ շատ ավելի լայն համագործակցային դաշտի կողմնակից է եղել, եթե այն միտված է մեր ժողովրդի, մեր երկրի բարեկեցությանը, բարգավաճմանը, եթե միտված է ժողովրդին հուզող խնդիրների լուծմանը: Այս պահին որեւէ համագործակցություն չկա, որովհետեւ դեռեւս ԲՀԿ-ն չի ճշգրտել այն համայնքները, որտեղ առաջադրելու է թեկնածուներ, բայց մենք անպայման ակտիվորեն մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին: Սա է իրավիճակը»:

Նա նշեց, թե ԲՀԿ-ն առաջիկայում քաղխորհրդի նիստ կգումարվի, որտեղ կհստակեցվի, թե որտեղ են առաջադրելու թեկնածուներ եւ ովքեր են լինելու:

Հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն իր հերթին աջակցի ՀԱԿ թեկնածուներին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե չի կարող պատասխանել, քանի որ հարցը կուսակցությունում չի քննարկվել. «Եւ ես իրավասություն չունեմ պատասխանելու այդ հարցին»:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ համակարգողն ասել էր, թե այս ամռանը եւ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հնարավոր է, որ Հայ ազգային կոնգրեսը սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի` ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուներին: «Եվ ոչ միայն այլ քաղաքական ուժերին. մենք կարող ենք սատարել նաեւ անկախ թեկնածուներին, եթե տեսնենք, որ այդ սատարումը ինչ-որ չափով օգնելու է թուլացնել ռեժիմի դիրքերը Հայաստանում»,- նշել էր Զուրաբյանը: