Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր` հուլիսի 4-ին մանդատից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է Ազգային ժողով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Ըստ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է հրապարակի հրաժարականի դիմումը, եւ եթե դրանից հետո` 15 օրվա ընթացքում Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, նա կզրկվի մանդատից:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, եւ եթե մինչ այդ արտահերթ նիստ չգումարվի, այդ օրը նոր կհրապարակվի հրաժարականի դիմումը:

Հիշեցենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին իր անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում մահացել էր ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: