2012թ. առաջին կիսամյակում Երեւանի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ  ընկերությունը 1401.7տ ֆեռոմոլիբդեն է արտադրել` մոլիբդենի 69-70% պարունակությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերությունում: Մաքուր մոլիբդենի (99,6% պարունակությամբ) արտադրության ծավալը կազմել է  336 տոննա: Արտադրանքի արժեքը համապատասխանբար կազմել է  շուրջ 11 եւ շուրջ 4 մլրդ դրամ (համպատասխանաբար` մոտ 26.3 եւ 9.5 մլն  դոլար):

Հաշվետու կիսամյակում գործարանը ռենիում` կալիումի պերրենատի տեսքով, չի արտադրել: Ինչպես պարզաբանեցին ընկերությունում, այս տարի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ստացված մոլիբդենի խտանյութը 5%-ից ցածր ռենիում է պարունակել. այդ նիշից ցածր կալիումի պերրանտ չի արտադրվում գործարանում:

Ֆեռոմոլիբդենի իրացման ծավալը կազմել է 1417.5 տոննա` 11.1 մլրդ դրամ գումարով, մոլիբդենինը` 320 տոննա` 3.8 մլրդ դրամի գումարով: Գործարանի արտադրանքն ամբողջովին արտահանվում է, առավելապես` Եվրոպա:

Նշենք, որ «Մաքուր երկաթի գործարանի» բաժնետոմսերի 51%-ը պատկանում է գերմանական «Cronimet Mining GmbH» կոնցեռնին,  49%-ը` Հայաստանի ռեզիդենտների: Ձեռնարկությունը Հայաստանում ֆեռոմոլիբդեն արտադրող երկու ընկերություններից մեկն է (երկրորդը` «Armenian Molybdenum Production»-ն է):