Մոնրեալի այգում հայտնաբերված մարդկային գլուխը պատկանում է չինացի ուսանող Լին Յունյոյին`«կանադացի խելագար» Լուկա Ռոկո Մանիոտի զոհին: Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է կանադական ոստիկանությունը: 

Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով քաղաքային ոստիկանության ծառայությանը: 

Հիշեցնենք, որ գլուխը հայտնաբերել էին հուլիսի 1-ին Մոնրեալի հարավ-արեւմուտքում գտնվող Անրինիոն այգում: Ինչպես Associated Press-ին հղում անելով հայտնում է «lenta.ru»-ն, ոստիկանությունն այգուն ուշադրություն է դարձրել ծանր հանցագործությունների բաժնի խորհրդով: Չի հստակեցվում, թե արդյոք այդ խորհուրդն անանուն է եղել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  2012 թվականի մայիսին Կանադայի տարբեր քաղաքներում հայտնաբերվել էին մարդկային մարմնամասեր:

Պարզվել է, որ մարմնամասերը պատկանել են Լին Յունյոյին: Համացանցում տեղադրվել էր տեսահոլովակ,  որն արձանագրել էր ուսանողի  սպանության եւ անդամահատման տեսարանը: Այդ հանցագործության մեջ կասկածել էին պոռնոդերասան Լուկա Ռոկո Մանիոտին, որին անվանել են «կանադական խելագար»: Հունիսի սկզբին նրան բռնել էին Բեռլինում եւ արտաքսել Կանադա: Նրա դատը նախատեսված է 2013 թվականի մարտին: