Ճապոնիայում հայտարարել են, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն է: Նման եզրակացություն է արվել Ճապոնիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի զեկույցում, որն ուսումնասիրել է տեղի ունեցածի պատճառները:

Զեկույցում նշվում է, որ «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցածը ոչ թե բնական, այլ տեխնոգեն աղետ է եղել. ատոմակայանը պատրաստ չի եղել ոչ երկրաշարժի, ոչ ցունամիի: Վթարի համար պատասխանատվությունը հանձնաժողովը դրել է ԱԷԿ-ի օպերատոր ընկերության` «Տոկիո էլեկտրիկ փաուեր»-ի եւ ատոմային ոլորտը ղեկավարող կառավարական ծառայությունների վրա:

«Պատասխանատու կառույցները համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել ատոմակայանի եւ հարակից շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-ասված է զեկույցում:

Զեկույցի տվյալները տարբերվում են «Տոկիո էլեկտրիկ փաուեր» ընկերության ներքին հետազոտության արդյունքներից, որը կատարվել էր նախորդ տարվա վերջին: Ընկերությունում պնդում են, որ ԱԷԿ-ի վթարի հիմնական պատճառը ցունամին է եղել, որի բարձրությունը հասել է 15 մետրի եւ գերազանցել ուժեղ երկրաշարժի վերաբերյալ բոլոր կանխատեսումները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: