Պակիստանում գազազած ամբոխը կենդանի-կենդանի այրել է մարդուն, ով կասկածվում է Ղուրան այրելու մեջ: Տղամարդում ձերբակալել է ոստիկանությունը, սակայն իրավապահներին չի հաջողվել հետաքննություն իրականացնել:

Ձերբակալումից հետո ոստիկանության շենքի մոտ հսկա բազմություն է հավաքվել, որը պահանջել է անհապաղ մահապատժի ենթարկել իրավախախտին:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, ոստիկանությանը վերջնագիր է ներկայացվել. կամ իրավապահները հենց շենքի դիմաց մահապատժի են ենթարկում իրավախախտին, կամ դա կանեն հավաքվածները: Ամբոխին հանգստացնել չի հաջողվել:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, սակայն մարդիկ շրջափակել են ճանապարհն ու ոստիկանության բաժնից դուրս բերել կասկածյալին: Նրան տարել են այն վայրը, որտեղ, իբր, նա այրել է Ղուրանը, վրան վառելիք լցրել ու այրել:

Ոստիկանությունը նույնիսկ չի հասցրել պարզել կասկածյալի ինքնությունը: Ոստիկաններն ընդամենը ենթադրում են, որ, հնարավոր է, նա հոգեկան շեղումներ է ունեցել, քանի որ նա այնքան էլ չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում եւ ժպտում էր:

Պակիաստանում գործում է սրբապղծության մասին օրենքը, ըստ որի, կրոնական զգացմունքները վիրավորելու համար մահապատիժ է նախատեսված: