ԱՄՆ-ը Մեքսիկային է հանձնել La Familia թմրակարտելի անդամ Անել Վիոլետա Նորեգա Ռիոսին, ում մեքսիկական մամուլն անվանում է «հանցագործությունների թագուհի»:

Ռիոսը ձերբակալվել է Քալիֆորնիայի Էլ-Մոնտե քաղաքի համեստ բնակարաններից մեկում, ինչն անսպասելի է եղել ամերիկյան իշխանությունների համար:

Ձերբակալումը տեղի է ունեցել հունիսի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Հունիսի 29-ին, Քալիֆորնիայի սահմանային անցակետում նրան հանձնել են մեքսիկացի իրավապահներին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ը, ամերիկացիները Ռիոսին սկսել են հետեւել իրենց մեքսիկացի գործընկերների հարցման համաձայն: Նրա ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով:

2004-2005 թվականների Ռիոսը 5 անգամ կալանավորվել է ԱՄՆ-ում եւ արտաքսվել Մեքսիկա, սակայն ԱՄՆ-ում Ռիոսը մեղավոր չի համարվել որեւէ հանցագործության մեջ:

Մեքսիկայի իշխանությունները պնդում են, որ 27-ամյա Ռիոսը թմրակարտելի գլխավոր դեմքերից մեկն է եղել, ով պատասխանատու էր մետամֆետամինն ԱՄՆ-ում վաճառելու համար: Նա, ենթադրաբար, պատասխանատու էր նաեւ «Սինալոա» թմրակարտելի, այդ թվում նրա առաջնորդ Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ շփումների համար:

ԱՄՆ-ում Գուսմանին համարում են աշխարհում թմրամիջոցների ամենաազդեցիկ վաճառականը: